


Հայաստանն սկսել է միաջզգային իրավական նորմերի շրջանակում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործընթաց` ապրիլի 2-5-ը ռազմական ագրեսիայի ընթացքում իրագործված վայրագությունների համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Հանրային հեռուստաընկերության «Հանրային օրակարգ» հաղորդաշարով հեռարձակված հարցազրույցում:
«Արդեն այսօր փաստեր են ներկայացվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ, համապատասխան նամակ է ուղարկվել: Բնականաբար, այս գործընթացը շարունակվելու է», - հաղորդել է արտգործնախարարը:
Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ հանդիպմանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունները, այդ թվում՝ հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները և նշել է, որ ձեռնամուխ է լինելու այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում, որի ընթացքում հայկական կողմին է հանձնվել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ ՊԲ 18 զինծառայողների դիակները: Պետական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն, բոլոր 18 զինծառայողների դիակները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։



