
Ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի փորձը ձախողվեց: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան` Հանրային հեռուստաընկերության «Հանրային օրակարգ» հաղորդաշարով հեռարձակված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ գլխավոր
բացատրությունն այն է, որ Ադրբեջանը ձախողվել է բանակցային գործընթացում:
Ժամանակին ձախողվել էր ռազմական դաշտում, փորձեց հաջողության հասնել
բանակցությունների միջոցով, բայց դարձյալ ձախողվեց: … Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, երբ
ողջ միջազգային հանրությունը և այն ներկայացնող եռանախագահող երկրները խոսում են
հայտնի երեք սկզբունքների մասին` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման
իրավունքի և տարածքային ամբողջականության մասին, Ադրբեջանը խոսում է միայն մեկ
սկզբունքի մասին: Վերջերս` մի քանի օր առաջ, եռանախագահներն էին այստեղ, մամուլի
ասուլիսի ժամանակ նրանք կրկին վերահաստատեցին այդ երեք սկզբունքները՝ որպես հիմք
բանակցային գործընթացի ու հիմնախնդրի կարգավորման համար, իսկ հաջորդ օրն
ադրբեջանական ամբողջ մամուլը լույս տեսավ վերնագրերով, թե եռանախագահները
պաշտպանել են տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես բանակցային
գործընթացի, կարգավորման հիմք: Արդյո՞ք դա հաջողություն է Ադրբեջանի համար:
Իհարկե` ոչ: Արդյո՞ք հաջողություն է Ադրբեջանի համար այն, որ ամեն կերպ խուսափում
են անգամ որևէ հղում կատարել կամ հիշատակել եռանախագահ երկրների ղեկավարների
մակարդակով ընդունված հինգ հայտարարությունները, որոնք հիմնախնդրի կարգավորման
վերաբերյալ նախագահների մակարդակով ընդունված գլխավոր փաստաթղթերն են: Դրա վառ
ապացույցն էր անցած տարի Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովը,
երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց ներկա գտնվել, իսկ արտգործնախարարը լքեց
գագաթաժողովը, որովհետև հռչակագրի մեջ հղում էր կատարվում այդ հինգ
հայտարարություններին, որոնք արել են եռանախագահող երկրների նախագահները՝ որպես
հիմնախնդրի կարգավորման հիմք: Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, երբ եռանախագահներն ասում
են, որ պետք է ստեղծել միջադեպերի քննության մեխանիզմ, որը կարող է լինել ոչ միայն
հետաքննության, այլ նաև զսպման մեխանիզմ: Այդ առաջարկությունը հնչում է ոչ միայն
եռանախագահներից, այլև ՄԱԿ-ից, Եվրամիությունից, տարբեր միջազգային կառույցներից,
իսկ Ադրբեջանը ձևացնում է, որ այդպիսի բան գոյություն չունի:
Իհարկե, քննադատություններ են հնչում և եռանախագահների
հասցեին, որ իրենք ոչ միշտ են հասցեագրված հայտարարություններ անում, բայց
հիշեցնեմ, որ նախորդ տարի Ադրբեջանին վերաբերող երեք շատ հստակ հասցեագրված
հայտարարություն արեցին, որտեղ կոչ էին անում վերահաստատել հիմնախնդրի բացառապես
խաղաղ կարգավորման հանձնառությունը: Այդ կոչն Ադրբեջանն այդպես էլ չլսեց:
Եռանախագահները կոչ արեցին համաձայնել, ինչպես դա արել են Հայաստանն ու Արցախը,
հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը: Ադրբեջանը կրկին չհամաձայնեց: Կոչ արեցին
վերջ տալ եռանախագահների հասցեին ուղղված քննադատությունները, քանի որ դրանք
խոսում են այն մասին, որ այդ երկրում քաղաքական կամքն է բացակայում հիմնախնդրի
կարգավորման համար: Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել:
Ի՞նչ էր, եթե ոչ ձախողում, երբ Կազանում իրենք,
փաստորեն, հետքայլ արեցին գրեթե ձեռք բերված պայմանավորվածություններից: Ի՞նչ է,
եթե ոչ ձախողում, որ Կազանից առաջ Սոչիում, Սոչիից առաջ Աստրախանում, Աստրախանից
առաջ Սանկտ-Պետերբուրգում նույն hետքայլերն էին անում, կամ Կազանից տասը տարի առաջ
Փարիզում այսպես կոչված «փարիզյան սկզբունքները», երբ թվում էր, որ կողմերը կարող
են ինչ-որ համաձայնության գալ, և Ադրբեջանը հետքայլ արեց Քի Վեսթում: Եվ այսպես
շարունակ:
Հայտնվելով մի իրավիճակում, երբ
բանակցություններում արդեն ասելիք չունի, մի իրավիճակում, երբ ստիպված էր անգամ
հրաժարվել եռանախագահների հետ հանդիպումից, ինչի վկայությունն էր այն, երբ
Վաշինգտոնում ադրբեջանական կողմը ընդհանրապես հրաժարվեց հանդիպել եռանախագահներին:
Տարիներ շարունակ Ադրբեջանն իր սպառնալիքներն էր
հնչեցնում, տարիներ շարունակ բոլորը կոչ էին անում հարգել հրադադարը, հարգել
զինադադարի 1994թ. մայիսի համաձայնագիրը և 1995թ. զինադադարի ամրապնդման
համաձայնագիրը: Չնայած դրան` Ադրբեջանը ձևացնում էր, թե դա իրեն չի վերաբերում:
Հիմա գնաց ավելի լայնածավալ գործողությունների: Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ
է, թե ով է սկսել այս գործողությունները: Բոլոր դեպքերում այն զրույցների
ընթացքում, որոնք ես ունեցել եմ իմ գործընկերների հետ, որևէ մեկի մոտ կասկած չի
եղել, որ հենց Ադրբեջանն է սկսել այդ գործողությունները:
Եվ երկրորդը, պարզ է, թե որն էր իր նպատակը. այն,
ինչն իրենք բազմիցս ասել էին` ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը: Եվ կրկին
ձախողվեց: Ադրբեջանը կարող էր ունենալ իր առջև դրված նվազագույն ու առավելագույն
խնդիրներ: Կարծում եմ՝ ոչ նվազագույն, ոչ էլ առավելագույն խնդիրներն Ադրբեջանը
չլուծեց: Հիմա ստիպված կլինի վերադառնալ բանակցային գործընթաց, նստել
բանակցությունների սեղանի շուրջ ու շարունակել բանակցությունները: Իհարկե,
բանակցություններ վերսկսելն այդքան հեշտ չէ, պետք է համապատասխան պայմաններ
ապահովել, և եռանախագահների ջանքերն ուղղված են հենց դրան», - նշել է Հայաստանի
արտգործնախարարը: