
Արցախում մարտական վերջին գործողությունների և Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ԵՏՄ ու ՀԱՊԿ գծով դաշնակիցներից պատշաճ արձագանքի բացակայության լույսի ներքո՝ Երևանը պետք է դադարեցնի իր անդամակցությունն այդ կառույցներին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, Արցախում մարտական գործողությունները ցույց տվեցին, որ Հայաստանի չունի ռազմավարական դաշնակից և, առավել ևս, ՀԱՊԿ և ԵՏՄ գծով գործընկերներ, հետևաբար՝ անդամակցությունը կառույցի, որի մասնակիցների շահերը չեն համընկնում, աննպատակահարմար է: ՙՂազախստանի և Բելառուսի բացահայտ աջակցությունն Ադրբեջանին, ինչպես նաև Բաքու-Մոսկվա զենքային միությունը վկայում է, որ ոչ ՀԱՊԿ-ը, ոչ առավել ևս ԵՏՄ-ն մեր երկրի շահերն ու անվտանգությունը չեն պաշտպանի, նույնիսկ եթե Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ սկսի Հայաստանի դեմ՚,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Մարտիրոսյանն ավելացրել է նաև, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի անվտանգության ոլորտը և ռազմական համագործակցություն սկսի Իրանի, Չինաստանի, ԵՄ և ԱՄՆ հետ: Նա չի համաձայնել նաև կարծիքին, որ Վաշինգտոնն աջակցում է Ադրբեջանի ՙմեծ եղբայր՚ Թուրքիայի դիրքորոշմանը: ՙԱՄՆ-ը հստակ նշեց, որ անընդունելի է երրորդ երկրների միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը՝ այդպիսով սթափեցնելով Թուրքիային: Բացի այդ, երկար տարիներ Հայաստանը և ՆԱՏՕ-ն ռազմական սերտ համագործակցություն ունեն, և այդ փորձը կարող է օգտագործվել անմիջական փոխգործակցության հաստատման համար՚,- հայտարարել է նա:
ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով, քանի որ ռուսական կողմ իր զենքային գործարքներն արդարացնում է բիզնես շահերով, հայկական կողմը նույնպես ռազմավարական հարաբերություններից պետք է անցում կատարի առևտրատնտեսական հարաբերությունների: ՙՌուսաստանի 102-րդ ռազմակայանը Հայաստանում տեղակայված է արտոնյալ պայմաններով, և որպես առաջին քայլ՝ Երևանը պետք է տարածքը տրամադրի իր համար շահավետ պայմաններով՚,- հայտարարել է նա: Ըստ որում, նա ավելացրել է, որ հայկական կողմը չպետք է հույսը Ռուսաստանի վրա դնի՝ որպես ռազմավարական գործընկեր, հետևաբար՝ պետք է ավելի հուսալի դաշնակիցներ փնտրի, ինչպիսիք կարող են ԵՄ-ն և Իրանը հանդիսանալ: