ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը ԿԽՄԿ ներկայացուցիչներից բանավոր տեղեկատվություն է ստացել այն մասին, որ ադրբեջանական կողմը հաղորդել է հայ զինծառայողի դիակ գտնելու մասին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է վերը նշված հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: «Այժմ երկխոսություն է վարվրում ստացված տեղեկատվության հավաստիությունը ստուգելու համար», - նշել է նա:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեում, կողմերի միջև դիակների որոնման և փոխադրման հարցի շուրջ երկխոսությունն ընթանում է գաղտնի ձևաչափով, և այդ հարցի վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն չեն կարող տրամադրել:
Նշենք, որ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հաղորդել էր Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հայ զինծառայողի դիակ գտնվելու մասին:
«Ապրիլի 2-5-ը զորքերի շփման գծում ռազմական գործողությունների ընթացքում երկու կողմերի անհետ կորած զինծառայողների հետագա ճակատագրերի պարզմանն ուղղված որոնողական միջոցառումների արդյունքում, որոնք անցկացվել են միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ, հայտնաբերվել և չեզոք գոտուց դուրս է բերվել հայ զինծառայողի դիակ: Այդ մասին իրազեկվել են համապատասխան միջազգային կազմակերպությունները, և այժմ որոնողական աշխատանքներ են տարվում ադրբեջանցի մեկ զինծառայողի ճակատագիրը պարզելու ուղղությամբ», - ասվում է Պետհանձնաժողովի այսօր տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ մեկ զինծառայող համարվում է անհետ կորած: