Հայ հասարակության շրջանում հակառուսական տրամադրությունների աննախադեպ աճի հանգեցրեց «քառօրյա պատերազմի» եզրափակիչ փուլում Մոսկվայի կողմից Հայաստանի ձեռքերը ոլորելը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական ծրագրերի տնօրեն Մանվել Սարգսյանը:
«Այդ մի քանի օրվա ընթացքում հայերի քաղաքական նախապատվություններն էապես փոխվեցին: Եվ դա միանգամայն բնական է: Հայ զինվորականներն օրվա ընթացքում ադրբեջանական ուժերից պետք է մաքրեին մի քանի վերցված դիրքերը, իսկ այդ պահին Հայաստանի ձեռքերը լիովին կապեցին: Դրանում ոչ ամենավերջին և ոչ լավագույն դերը խաղաց հենց Հայաստանի ղեկավարությունը: Եվ մեկին զենք վաճառող ու մյուսի ձեռքերը ոլորող երկրի հանդեպ այդ դժգոհությունն այսօր միայն աճում է», - համոզված է վերլուծաբանը:
Վերլուծաբանը «քառօրյա պատերազմի» կարևոր արդյունք է համարում հայ հասարակության համախմբվածության դրսևորումն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում և Սփյուռքում: Նրա գնահատմամբ, այդ հանգամանքը նախկինում էլ դիտվում էր, սակայն ապրիլի առաջին օրերին այդ համախմբումը դրսևորվեց համաժողովրդականորեն, ինչն աշխարհն անմիջապես նկատեց :
Վերլուծաբանը կարծում է, որ այդ կարևորագույն հանգամանքը, ի թիվս այլոց, նույնպես կարող էր ազդել Իլհամ Ալիևի կողմից հետ կանգնելու որոշման կայացման վրա, ինչի մասին վկայում են իր իսկ ձևակերպումները, թե` «մենք պատրաստ ենք դադարեցնել մարտական գործողությունները, բայց նրանք էլ թող առաջ չշարժվեն»: Սարգսյանը կարծում է, որ դա դարձավ ապրիլի առաջին օրերին բազմաթիվ ռազմական և քաղաքական կարծրատիպերի կոտրման դրսևորումներից մեկը: