Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է քաղաքական ողջախոհություն դրսևորեր և հրաժարվեր մասնակցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Ապրիլի 13-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Այն, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներն անհարգալից վերաբերմունք դրսևորեցին և որոշեցին նիստը Երևանից Մոսկվա տեղափոխել` Բաքվին չվշտացնելու համար, Հայաստանի իշխանությունների անողնաշար քաղաքականության արդյունք է, որն իր շարունակությունն ունեցավ այդ նիստին Աբրահամյանի մասնակցկությամբ», - նշում է նա: Ընդ որում քաղաքական գործիչը հավելել է, որ հայկական կողմը պետք է իր կոշտ դիրքորոշումն արտգահայտեր և բոյկոտեր նիստը, քանի որ տվյալ պահին քննարկելու ոչինչ չունի այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք հարգում են ոչ թե Երևանի, այլ Բաքվի զգացմունքները:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն, իր հերթին, հավելել է, որ Հայաստանն, անշուշտ, պետք է ներկայանար, սակայն` ոչ վարչապետի մակարդակով: «Իշխանություններն այնտեղ պետք է ուղարկեին ավելի ցածր օղակի պաշտոնյայի, որն ընթերցեր հայկական կողմի ուղերձը և կշտամբանքը, իսկ այժմ նրանք լեգիտիմացրեցին ադրբեջանական ագրեսիան և համաձայնություն հայտնեցին Նազարբաևի ու Լուկաշենկոյի դիրքորոշմանը», - ընդգծել է Զարուհի Փոստանջյանը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի ԵԱՏՄ Մոսկվայի հանդիպմանը: Սակայն, ինչպես հաղորդում են կառավարությանը մոտ ԱրմԻնֆո-ի աղբյուրները, այդ որոշումը վարչապետը հեշտությամբ չի կայայցրել, քանի որ ավելի վաղ Երևանում նախատեսված հանդիպման չեղարկումը ղազախական կողմից և դրա տեղափոխումը Մոսկվա երկընտրանքի առջև էր դրել Հայաստանի կառավարության ղեկավարին. դեմարշին պատասխանել դեմարշով, թե՟ ընդունել հրավերը և մասնակցել Մոսկվայի հանդիպմանը: Ինչպես ավելի վաղ պարզաբանել էին ԵՏՀ մամուլի ծառայությում, ապրիլի 8-ին Երևանում նախատեսված ԵԱՏՄ վարչապետների հանդիպումն անցկացվում է ապրլի 13-ին Մոսկվայում` «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ»: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ապրիլի 8-ին Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել է ղազախական կողմի նախաձեռնությամբ, որի հավաստմամբ, ղարաբաղյան հակամարտության սրման օրերին Հայաստանում միջոցառման անցկացումը Ադրբեջանի կողմից, որն, ի դեպ, կազմակերպության անդամ չէ, կարող է գնահատվել որպես միակողմանի աջակցություն հայկական կողմին: Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, թե լուրջ պատճառ չի տեսնում ԵԱՏՄ վարչապետների հանդիպումը Երևանի փոխարեն Մոսկվայում անցկացնելու համար:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը կներառի եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման առաջնային խնդիրները: Առյաժմ չի հաղորդվում, թե արդյոք օրակարգը կթարմացվի: