
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմտափոխվի և կմիանա համաժողովրդական համախմբմանը: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում՝ մեկնաբանելով Քոչարյանի վերջին հայտարարությունը, որ ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունների հետ կապված՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում նախաձեռնել չի պլանավորում:
ՙԳրեթե համոզված եմ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմտափոխվի և կմիանա համաժողովրդական համախմբմանը՚,- ընդգծել է նա:
Նշենք, որ ավելի վաղ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հանդիպմանը, ասել էր. ՙԱյսպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում, տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին՚: Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դժվար թե գործող նախագահի և նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել այդ առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա:
Նշենք, որ ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը,
շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: ՙԻմ գործունեությանը հետեւած մարդկանց համար Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը բոլորովին անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող վտանգի պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ես միշտ էլ հանդես եմ եկել նմանատիպ նախաձեռնություններով՚,- հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ռազմական վտանգի առաջացման դեպքում կոչով կդիմի Համաժողովրդական շարժման մասնակիցներին՝ խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին: