
ՙԻմ գործունեությանը հետեւած մարդկանց համար Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը բոլորովին անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող վտանգի պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ես միշտ էլ հանդես եմ եկել նմանատիպ նախաձեռնություններով՚,- iLur.am-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՙՀիշեք 1999թ. հոկտեմբերի 28-ի իմ հայտարարությունը, «Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրինե նվիրված հրապարակային առաջարկս, եւ վերջապես, Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 2-ի՝ իմ հավանությամբ ընդունված հայտարարությունը՚,- ասել է նա:
Այնուհետև Տեր-Պետրոսյանը պատմել է, որ ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանին է ուղարկել հետեւյալ ձեռագիր նամակը. «Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Խոսակցությունը, բնականաբար վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաեւ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման եւ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։ Որպես պրոպագանդիստական հնարքներ այդ գաղափարները, թերեւս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետեւանք։ Հանդիպման վայրի ու ժամի ընտրությունը մնում է քո հայեցողությանը։ Հանդիպման փաստի հրապարակման մեջ ազատ ես նշելու, որ այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Տեսանյութի կամ լուսանկարի կարիք չկա, քանի որ, գիտես, ցուցադրական բաներ չեմ սիրում՚։
Քանի որ հաջորդ օրերին Սերժ Սարգսյանը լինելու էր Գերմանիայում, նա հեռախոսով Տեր-Պետրոսյանին պատասխանել է, որ կհանդիպեն վերադառնալուց հետո առաջին նախագահի տանը, ինչը եւ տեղի է ունեցել։
Տեր-Պետրոսյանը նշել է, որ արտաքին վտանգի առաջացման դեպքերում այդպիսի երկրներում սովորաբար, կամ որպես կանոն, ներքին հակասությունները ժամանակավորապես մի կողմ են դրվում եւ բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերի ջանքերն ուղղվում են ազգային միասնության կայացմանն ու վտանգի համատեղ դիմակայմանը։ ՙԵթե մեզ մոտ դեռ, ցավոք, այդպես չէ, ապա դա բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ լինելով ընդամենը 25 տարվա անկախությամբ օժտված պետություն, մեզ մոտ առայժմ բացակայում են պետական մտածողության անհրաժեշտ ավանդույթները։ Թեեւ այս առումով բավականին հուսադրող պետք է համարել ղարաբաղա-ադրբեջանական վերջին ռազմական դիմակայության օրերին Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական խավերի եւ ազատամարտիկների ինքնաբուխ համախմբման օրինակելի դրսեւորումը՚,- նշել է նա:
Խոսելով այն մասին, որ կան կասկածամիտներ ու չարակամներ, ովքեր ուզում են ստվեր նետել Սարգսյանի հետ հանդիպման փաստի վրա՝ Տեր Պետրոսյանն ասել է. ՙԴավադրության տեսության կողմնակիցներ ու ամեն ինչի ետեւում խարդավանքներ որոնողներ միշտ էլ եղել են ու կլինեն։ Բայց սովորաբար այդպիսի մարդիկ քաղաքական գործընթացների վրա որեւէ ազդեցություն չեն գործում, ուստի անիմաստ է նրանց ասածներին ուշադրություն դարձնել։ Կարեւորը հասարակության մեծամասնության կարծիքն է՚:
Նշենք, որ ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը,
շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը:
Ապրիլի 3-ին ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ «Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին՚,- գրել էր քաղաքական գործիչը:
Նշենք, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպման մասին Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը խոստացել է հայտնել այսօրվա ընթացքում: