

Ստեփանակերտն ունի ապացույցներ, որ ադրբեջանական ագրեսիային մասնակցել են այլ ազգերի ներկայացուցիչներ, հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում:
Այդ առնչությամբ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում կբարձրացնի վարձկանների և զանազան ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում նաև ԻՊ, գրոհայինների մասնակցության հարցը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային:
«Հակառակորդի հետ դեմ առ դեմ դուրս եկած զինվորները նկատել են, որ նրանց շարքերում կան անձինք, որոնք խոսում են արաբերեն, թուրքերեն լեզուներով, կան նաև տարիքավորներ: Դրանք եղել են վարձկաներ, և մենք հիմքեր ունենք պնդել, որ նրանցից ոմանք հանդիսանում էին ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես, «Իսլամական պետության», «Գորշ գայլերի» և այլ կազմակերպությունների անդամներ»,-նշել է Բաբայանը:
Նա ընդգծել է, որ գազանությունները, որոնք հակառակորդը կատարեց Ղարաբաղում, այդ թվում մաև գլխատման և խաղաղ բնակիչների մարմինների նկատմամբ կատարած վայրագ գործողությունների փաստերը, հանդիսանում են ԻՊ ձեռագիրը և կատարվել են այդ ահաբեկչական խմբավորումների ազդեցության ներքո:


