Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այդ տեղեկատվությունը հաստատել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին, ավքեր համարվում էին անհտ կորած ։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որում նշվում է, որ ԿԽՄԿ-ն աջակցել է կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին լարվածության հետևանքով զոհվածների մարմինների փոխանցմանը։
«Երկու նախորդ գործողություններում, որոնք կայացել են ԿԽՄԿ-ի աջակցությամբ ապրիլի 8-ին և 9-ին, հակամարտության կողմերը դուրս են բերել մարմինները շփման գծի երկայնքով գտնվող ռազմադաշտից։ Գործողություններն իրականացվել են կողմերի փոխհամաձայնությամբ և համակարգվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Առաջնահերթ ենք համարում օգնել ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած անձանց ընտանիքներին, որոնք դեռևս չունեն լուրեր իրենց հարազատների մասին», – ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։
ԿԽՄԿ-ն տարածաշրջանում գործում է 1992-ից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: 2016 թ. ապրիլի 2-ին իրավիճակի վատթարացման կապակցությամբ ԿԽՄԿ-ն առաջարկել է կողմերին իր ծառայությունները՝ հումանիտար կարիքները հոգալու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու շրջանակներում։
Ավելի վաղ անցկացված որոնողական աշխատանքների ընթացքում հայկական կողմը հայտնաբերել էր ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի և շարքային Անդրանիկ Զոհրաբյանի դիակները, իսկ նախօրեին ադրբեջանական կողմը հանձնել էր ԼՂՀ ՊԲ 20-ամյա զինծառայող, գլխատված Քյարամ Սլոյանի գլուխը: