

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հուսով են, որ հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում կլինի կայուն և պատրաստակամություն է հայտնել աջակցել պրոբլեմի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Այս մասին է ասված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկի Կաներվայի և ԵԱՀԿ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի կողմից ԵԱՀԿ Բյուրոյի նիստից հետո արված հայտարարության մեջ:
«Մենք հուսով ենք, որ ռազմական գործողություններն ամբողջովին կդադարեցվեն: Անընդունելի են մարդկային զոհերն այդ օրերին, ինչպես նաև անցյալ 20 տարիներին: Մենք պարտք ենք նրանց, ովքեր պարբերաբար տուժում են այդ բռնություններից, և պետք է գտնել այնպիսի լուծում, որը թույլ կտա կարգավորել հակամարտությունը բանակցությունների միջոցով»,-ասել է Կաներվան:
Ըստ ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրության, ԵԱՀԿ ԽՎ Բյուրոն նիստի ընթացքու լսել է Վիգենինի զեկույցը հակամարտության հետևանքների մասին: «Բռնության աննախադեպ աճը հակամարտության գոտում անցյալ շաբաթ ընդգծում է քաղաքական գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը: Չնայած հիմնական ջանքերն ուղղված են ռազմական գործողությունները կանխելուն, ես մտադիր եմ շարունակել աշխատել խորհրդարանական մակարդակով, կողմերի միջև քաղաքական կամքի մեծացման ուղղությամբ, Մինսկի խմբի շրջանակներում հակամարտությունն ամբողջովին կարգավորելու համար: Վստահության ամրապնդման և ռազմական գործողությունների ռիսկի նվազեցման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը կարող է կարևորագույն քայլ հանդիսանալ այդ ուղղությամբ»,-նշել է հատուկ ներկայացւոցիչը:
Կաներվան և Վիգենինն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ ՄԽ միջնորդներին: Վիգենինը տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյին, որ կշարունակի շփումները Հայզստանի և Ադրբեջանի խորհրդարանականների հետ և մտադիր է քննարկումները շարունակել Վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանում, որը տեղի կունենա հուլիսի 1-5-ը, Թբիլիսիում:



