Ասորիների համաշխարհային հանրությունն անհանգստացած է ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրսիայի առնչությամբ:
Ինչպես նշված է ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ, իրադարձությունները տեղի են ունենում հարյուրամյակի օրերին, երբ Օսմանյան կայսրությունում (Թուրքիա) զանգվածային սպանությունների զոհ դարձան հայերը, ասորիները, հույները: «Այսօր Անկարան շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը և ուղղակիորեն մասնակցում քաղաքացիական պատերազմների սանձազերծմանը Սիրիայում, ինչն ուղղակիորեն անդրադարձավ հազարավոր ասորիների ճակատագրի վրա, ինչպես նաև ԼՂՀ-ում ռազմական գործողությունների վերսկսման վրա: Թուրքիան նաև հմտորեն խաղում է Եվրամիության հետ`փախստականների արհեստականորեն ստեղծված ճգնաժամի միջոցով, դրանով աջակցելով ծայրահեղականներին ու ահաբեկիչներին Իրաքում և Սիրիայում: Մենք դատապարտում ենք ուխտադրուժ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ինչի հետևանքով եղան բազմաթիվ զոհեր, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում: Ասորիների հանրությունն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Ստեփանակերտ մայրաքաղաքով, դա հայկական պատմական տարածք է, ինչի ապացույցն են ավելի քան 500 հայկական տաճարները, եկեղեցիները, պատմական մյուս հուշարձանները, որոնք վկայում են այդ տարածքում հայերի ավելի քան 400 տարվա ներկայության մասին: Կողմերին և միջազգային հանրությանը կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, վերջ տալ հարևան երկրների գործերին Թուրքիայի կոպիտ միջամտություններին և սադրանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտոթյունը խաղաղ, դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, հաշվի առնելով ԼՂՀ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են` Ասորիների ազատագրման կուսակցությունը- Ֆուրկոնո, Ասորական ցեղասպանության ինստիտուտը, Ասորիների ցեղասպանության միջազգային հետազոտությունների կոմիտեին - Սեյֆո, Լատվիայի Ասորական մշակութային կենտրոնը, Մոսկվայի ասորական հասարակական կազմակերպությունը - «Բնետա», Շվեյցարիայի ասորական ասոցիացիան, Ասորական ինստիտուտը (Շվեդիա, Ստոկհոլմ) Շվեյցարիա ասորական երիտասարդական ասոցիացիան, Գերմանիայի ասորական մշակույթի երիտասարդական կենտրոնը, Բելգիայի ասորիների ասոցիացիան, Շվեյցարիայի ասորիների սոցիալ-տեղեկատվական կենտրոնը: