Ռուսաստանի հայերի միությունը Ռուսաստանին կոչ է անում հավատարիմ մնալ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության համաձայնագրին, այլև նաև առաջնորդվել բարոյականության և արդարության նորմերով: ՌՀՄ հաղորդագրություն է տարածել, որում անհանգստությունն է արտահայտում՝ կապված ՌԴ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարությունների հետ, որ Ռուսաստանը շարունակելու է ռազմամթերք մատակարարել Ադրբեջանին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը կատարել են ռազմական մի շարք հանցագործություններ Լեռնային Ղարաբաղի բնակչության և ռազմագերիների նկատմամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից վերջին օրերի ընթացքում զարգացած ռազմական գործողություններն իրականացվել են ռուսական ռազմատեխնիկայի օգտագործմամբ:
Չնայած այդ օրերին ռուսական իշխանությունները ակտիվացրին միջնորդելու իրենց ջանքերը՝ ռազմական բախումների դադարեցման, լայնածավալ պատերազմը բացառելու և բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ, ինչը դրական արձագանք գտավ Հայաստանում և հայկական բազմամիլիոնանոց սփյուռքում, սակայն այն փաստը, որ Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել ռազմամթերքի մատակարարումը մի երկրին, որը պատերազմում է ՌԴ-ի բազմամյա դաշնակցի, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ անդամ պետության դեմ, բողոքի մեծ ալիք է բարձրացրել Հայաստանում ու Ռուսաստանում, և, ցավոք, հակառուսական տրամադրությունների առաջացման պատճառ է դարձել Հայաստանում. մի երկրում, որը հետխորհրդային բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանի ռազմական և քաղաքական հուսալի դաշնակից լինելու սկզբունքներին չդավաճանած միակ պետությունն է եղել: «Ռուսաստանի դիրքորոշումն առավել քան անհասկանալի է ՌԴ վարչապետի այն հայտարարության համատեքստում, որ Ադրբեջանը պատերազմում է Թուրքիայի աջակցությամբ»,-տարակուսում են ՌՀՄ-ում: Կազմակերպությունը հիշեցնում է, որ Թուրքիայի հետ «սիրախաղը» և նրա իրական բնույթը ճանաչելու ցանկության բացակայությունը Ռուսաստանին հանգեցրին նրան, որ չնայած երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված նրբանկատ պայմանավորվածություններին՝ Թուրքիան դանակ խրեց Ռուսաստանի թիկունքին:
«Հայ ժողովրդի նկատմամբ հարյուր տարի առաջ ցեղասպանություն իրականացրած այդ երկիրն այսօր էլ, չնայած բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտմանը, հետևողականորեն շարունակում է իր քաղաքականությունը:
Որպես Թուրքիայի իրական դաշնակից՝ Ադրբեջանն այսօր իրականացնում է նմանատիպ քաղաքականություն՝ այսօր հերոսացնելով մարդասպանին, ով սպանել է քնած գործընկերոջը, ում հետ ՆԱՏՈ–ի ուսումնական ծրագրին էր մասնակցում Բուդապեշտում, կամ էլ նրանց, ովքեր սոցիալական ցանցերում տեղադրում են գլխատված հայ զինվորների նկարներ: Կարծում ենք, որ Ադրբեջանի հետ ներկայիս սիրախաղը կարող է հանգեցնել այն բանին, որ իրենց իրական դաշնակցին՝ Թուրքիային հետևելով, Ադրբեջանը կարող է «դանակ խրել» Ռուսաստանի թիկունքին՝ այս անգամ մի տարբերությամբ, հարվածը կլինի Ռուսաստանից գնված զենքով»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ հշեցվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են ոչ միայն ռազմավարական և դաշնակցային հարաբերություններով, այլ նաև ժամանակի մարտահրավերներ հաղթահարած դարերի խորքից եկած եղբայրական մտերմությամբ: Հենց Ռուսաստանի հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքի պատճառով հայ հանրությունը, ռուսական հանրության աջակցությամբ, այսօր կոչ է անում Ռուսաստանին ոչ միայն հավատարիմ մնալ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության համաձայնագրին (1 հոդվածի համաձայն ՝ անդամները չպետք է մասնակցեն մյուս անդամ-պետության դեմ ուղղված միություններին և գործողություններին), այլև իր վարած քաղաքականությունում առաջնորդվել բարոյականության և արդարության նորմերով: «Մենք համոզված ենք, որ արդարությունը Ռուսաստանի համար լավագույն քաղաքականությունն է: Միայն հարևանների, հատկապես դաշնակիցների նկատմամբ արդար վերաբերմունքի շնորհիվ Ռուսաստանը կարող է հույս ունենալ, որ իրեն կվերաբերվեն որպես համաշխարհային գերտերության, որն այսօր աշխարհի շատ ազգերի համար դարձել է պաշտպանության և արևմտյան միաբևեռության հակազդեցության խորհրդանիշ»,-ասված է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ: