

Վրեժխնդրության և տարածքները վերադարձնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այսօրվա հայտարարությունը կրկին վկայում է ԱՀ ղեկավարության բարբարոս էության մասին, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ այս տարիների ընթացքում ադրբեջանական զինված ուժերն արդեն 2500 մարդ են կորցրել, սակայն դասեր չեն քաղել:
Ըստ որում, Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության նման հայատարարությունները վկայում են, որ պատերազմի վտանգը դեռ չի վերացել, սակայն հայկական կողմը միշտ զգոն է և պատրաստ է դիմագրավել հակառակորդի հնարավոր ագրեսիային: Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության նման հայտարարությունները պետք է ահազանգ լինել միջազգային հանրության համար: ՙՄիջազգային հանրությունը պետք է գիտակցի, թե ում հետ գործ ունի, որ անհասցե հայտարարություններով հնարավոր չէ զսպել Ադրբեջանին՚,- ասել է նա:
Նշենք, որ այսօր Զաքիր Հասանովը ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ, մասնավորապես, հայտարարել է. ՙՄենք վրեժխնդիր կլինենք շեհիդների համար և կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը: Թող ոչ ոք դրանում չկասկածի՚:



