
Ղարաբաղյան շփման գծում կրակի դադարեցման առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը: Այդ մասին հայտնել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը` «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակած հարցազրույցում
Նրա ասելով, հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին, ոչ հայկական կողմը: «Եվ այս անգամ ևս մենք պիտի փաստենք, որ հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադարի», - ասել է նա:
Արցախի պաշտպանության նախկին նախարարը դժվարացել է ասել, թե որքան կտևի այս իրավիճակը, ընդսմիօն հավելլեով, որ Պաշտպանության բանակը և հայկական Զինված ուժերը այսուհետ ևս պատրաստ են կանխելու հակառակորդի նման ոտնձգությունը: «Կարծում եմ՝ հակառակորդը այս գործողություններից հետևություն կկատարի և եթե ևս մեկ անգամ փորձի նման ձևով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, պատասխանը կլինի ավելի կոշտ և ավելի խիստ», - շեշտել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը:
«Մեր հետախուզությունը տեղեկություն ուներ, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը բավականին երկար է, և կոնկրետ որ ժամին որտեղ է լինելու՝ իհարկե, դա կռահելը մի քիչ ավելի դժվար է: Բայց այն, որ մենք կանխատեսել էինք և գիտեինք, որ հակառակորդը դիվերսիոն գործողությունների միջոցով փորձելու է անցնել հարձակման, այդ տեղեկությունը մեր Զինված ուժերը ունեցել են և համապատասխան միջոցառումներ իրականացրել են: Այն, ինչ որ արդեն կատարվել է, որևէ գաղտնիք իրենից չի ներկայացնում, և դա հրապարակման ենթակա է: Հակառակորդը գործել է գաղտնի, գիշերը, դիվերսիոն երկու հատուկ նշանակության բրիգադայի ուժերով և փորձել է գործել չորս ուղղություններով, երկու ուղղություններում հաջողություններ չի ունեցել և երկու ուղղություններում սկզբնական շրջանում ունեցել է հաջողություն, այնուհետև Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները մարտի են բռնվել և կանգնեցրել հակառակորդի առաջխաղացումը: Այս չորսօրյա պատերազմի ընթացքում մենք կարողացել ենք հակառակորդին կանգնեցնել և թույլ չտալ նրա մխրճումը մեր պաշտպանության խորքը», - պարզաբանել է Հակոբյանը:
«… այսօրվա երիտասարդը ապացուցեց, որ ինքը այն տղաների զավակներն են, որոնք 94 թվականին հաղթանակ են կերտել և փոխանցել իրեն, և իրենք իրենց այսօրվա գործողություններով ապացուցեցին, որ առավել են, քան 92-94 թվականի մեր ավագ սերունդը», - հայտարարել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանում հնչող կասկածներին, թե ինքը ծանր վիրավորված է կամ սպանվել է, Մովսես Հակոբյանը հայտարարել է. «Ինչպես տեսնում եք, ես ողջ-առողջ եմ և Ձեզ հետ զրուցում եմ: Պիտի ասեմ, որ ինձ սպանելը կամ վիրավորելը բավականին դժվար է, որովհետև ես բավականին երկար ժամանակ զինվորական ծառայություն եմ անցնում և ամբողջ ծառայությունս եղել է պատերազմի գոտում, գիտեմ պատերազմը ինչ է և դրանից պատսպարվելը գիտեմ»: