


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ինչպես նաև միջխորհրդարանական վեհաժողովներում և բարեկամության միջխորհրդարանական խմբերում Հայաստանի պատվիրակությունների անդամները Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ նամակներ և տեղեկատվական նյութեր են ուղարկել 55 պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներին եւ անդամներին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի բոլոր 750 պատգամավորներին:
Հայաստանի խորհրդարանակններն իրենց եվրոպացի գործընկերներին տեղեկացրել են, որ ծանր հրետանու, տանկերի եւ օդուժի հարձակման թիրախ են դարձել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի դիրքերը, այլ նաեւ քաղաքացիական օբյեկտները եւ բնակավայրերը, ինչի մասին վկայում են նաեւ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները, ներառյալ քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց, ծերերի եւ երեխաների շրջանում։ Պատգամավորներն ընդգծել են, որ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքները եւ միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, 1949թ. ժնեւյան կոնվենցիաները, 1977թ. լրացուցիչ արձանագրությունները, Երեխաների իրավունքների մասին 1989թ. կոնվենցիան:
Օտարերկրյա խորհրդարանական գործընկերների ուշադրությունն է հրավիրվել նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը շարունակաբար ոտնահարել է միջազգային հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկիի Եզրափակիչ Ակտը, որոնք պահանջում են խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով եւ բացառում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, նշել են հանձնաժողովում:
Ընդ որում նշվել է, որ Բաքուն մշտապես փորձել ` ձախողել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, սահմանափակել համանախագահների հնարավորությունները և անհիմն մերժել վստահության մեխանիզմների ստեղծման վերաբերյակ առաջարկությունները:



