
Փորձը ցույց է տվել, որ Արցախը և Ադրբեջանը կարող են պահպանել հրադադարի ռեժիմը և գոյատևել միմյանց հարևանությամբ՝ առանց կողմնակի միջամտության: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով արցախյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունները:
Նրա կարծիքով, խաղաղապահ ուժերի տեղակայնման համար անհրաժեշտ է, որ Արցախը և Ադրբեջանը ճանաչեն միմյանց անկախությունը, որպեսզի ճանաչվեն սահմանները, լուծվի հայ և ադրբեջանցի փախստականների հարցը: Նա նշել է, որ չի կարող այնպես լինել, որ ադրբեջանցի փախստականնեի հարցը քննարկվի, իսկ հայ փախստականների հարցը՝ ոչ, քանի որ, եթե կողմերից մեկն անտեսվում է, հարցը չի լուծվում:
ՙՄիայն այդ հարցերի լուծումից հետո՝ որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը նպաստելու միջազգային հանրության պատրաստակամություն և բարի կամքի դրսևորում, հնարավոր է, խաղաղապահ որոշ ստորաբաժանումներ տեղակայվեն արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կամ դրա որոշ հատվածներում՚,- ընդգծել է նա: Ըստ որում, մամուլի քարտուղարը նշել է, որ, հնարավոր է, այդ դեպքում խաղաղապահների տեղակայումն իմաստ չունենա:
Բաբայանն ավելացրել է, որ ղարաբաղյան հակամարտությունն առանձնահատուկ է՝ այդ թվում այն պատճառով, որ չնայած խաղաղապահների բացակայությանը՝ կողմերը , վատ կամ լավ, հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմին: ՙՍակայն, դա ավելի արդյունավետ էր, քան այլ տարածաշրջաններում, որտեղ խաղաղապահները թիրախ են դարձել և ստիպված միջամտել հակամարտությանը: Բաբայանը նշել է, որ երբեմն իրավիճակի աննախադեպ սրացում է լինում, սակայն փորձը ցույց է տվել, որ մենք, առանց կողմնակի միջամտության, ի վիճակի ենք պահպանել հրադադարի ռեժիմը՚,- ասել է նա:
DW-ում հրապարակված հարցազրույցում մեկնաբանելով հակամարտության գոտում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման հնավորությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը երբեք դեմ չի արտահայտվել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը, սակայն կարծում է, որ այդ հակամարտությունը լիովին և վերջնակապանապես պետք է կարգավորվի:
«Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը նախատեսեր այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում` մեր երկու կողմերի միջև խաղաղապահների ներկայություն: Սակայն ադրբեջանցիները դա չցանկացան՚, - ընդգծել է Սերժ Սարգսյանը: