

ԿԽՄԿ միջնորդությամբ մարմինների որոնման գործողությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ երկու կողմից զոհված զինծառայողների մարմինները կհանձնվեն նրանց ընտանիքներին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
ՙԿազմակերպության խնդիրն է՝ պատասխան տալ ընտանիքներին, որոնք օգնության խնդրանքով դիմել են մեզ: Այդ պատճառով ԿԽՄԿ-ն գործողությունն ամբողջությամբ ավարտված կհամարի միայն այն ժամանակ, երբ բոլոր զոհվածների մարմինները հանձնվեն նրանց ընտանիքներին՚,- հայտնել է Ամատունին:
Նշենք, որ ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները:
Հայտնաբերված երկու դիակի մասին հայտնել է նաև ադրբեջանական կողմը:



