

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նախորդ օրերի համեմատությամբ խախտումների պարբերականությունը նվազել է և ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը կրել են անկանոն բնույթ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Նշենք, որ ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և 60 միլիմետրոնց ականանետերի (7 արկ) կիրառմամբ, խախտել է կրակի դադարեցման ռեժիմը:Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:


