


Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում, Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև հետագա գործընթացները քննարկվել են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև Երևանում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Օհանյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի յուրահատկությունները, ադրբեջանական զինծառայողների հանցագործությունները հայ զինվորների և խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես նաև ռազմական հակամարտությունների վարման նորմերի մյուս կոպիտ խախտումները: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ լիովին կանգնեցվեց հակառակորդի ագրեսիան և կանխվեցին հետագա զարգացումները: Օհանյանը նաև ընդգծել է, որ չնայած ստեղծված իրավիճակին, հայկական կողմն, այնուամենայնիվ, հույսեր է կապում ղարաբաղյան պրոբլեմի բանակցային կարգավորման հետ:
Նոր ռազմական բախումների հնարավորությունը նվազեցնելու նպատակով Օհանյանն ընդգծել է հրադադարի ռեժիմն իրավական պայմանագրով ամրապնդելու անհրաժեշտությունը:


