

ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության՚ հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանն ապրիլի 8-ին ԱրմԻնֆո-ին հայտնել է, որ այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած հայ զինվորների ճակատագրերի մասին տեղեկատվության չի տիրապետում:
Նրա խոսքով, տվյալ պահին հայտնի է գերիների ընդհանուր թիվը: ՙՀայկական կողմը համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: Սակայն, մենք ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին բախումների ընթացքում անհետ կորած հայ զինվորների ճակատագրի մասին տեղեկատվության չենք տիրապետում՚,- նշել է Ալավերդյանը:
Միաժամանակ իրավապաշտպանը հայտնել է, որ հայկական կողմում ադրբեջանցի ռազմագերիներ չկան:
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, հայկական կողմում ադրբեջանցի ռազմագերիներ չկան: Նրա խոսքով, եթե հայկական կողմում լինեին ռազմագերիներ, վերջինս կդիմեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Ըստ որում, Բաբայանն ավելացրել է, որ հայկական կողմը պատրաստ է հանձնել ադրբեջանցի զինծառայողների դիակները: Հայկական կողմի տվյալներով, զինված ընդհարման առաջին օրից անհետ կորել է 21 զինծառայող, սակայն այդ թիվը փոփոխվում է, քանի որ նոր հանգամանքներ են պարզվում: ԼՂՀ ՊԲ տվայներով, Արցախում մարտական գործողությունների սկսման պահից հայկական կողմը 44 զինծառայող է կորցրել:



