


Ռազմական գործողությունների ավարտն Ադրբեջանի օգտին մեծ կասկած է հարուցում` չնայած կուտակված ռազմական տեխնիկայի քանակին: Այդպիսի կարծիք է հայտնել թուրք վերլուծաբան, Անկարայի հասարակական քաղաքականության կենտրոնի գիտաշխատող Բուրչու Գյուլթեքին Փունսմանը` թուրքական Hurriyet Daily News թերթոմ մենաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտու սրված իրավիճակը:
Վերլուծաբանի ասելով, պետք չէ թերագնահատել ղարաբաղցիների հոգեբանական պատրաստությունը: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը լի է վճռականությամբ ցանկացած պահի հզոր հակահարված հասցնել, չէ որ այստեղ պայքարն ընկալվում է որպես ապրելու ճանապարհ, նշել է նա: «Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ռազմական գործողությունների ավարտն Ադրբեջանի օգտին մեծ կասկածներ է հարուցում` չնայած կուտակված տեխնիկայի քանակին», - գրում է հոդվածագիրը: Ընդ որում թուրք վերլուծաբանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես կարող են ճանաչել Հայաստանն ու Ռւսաստանը, և այդ համատեքստում Ադրբեջանը մեծ ռիսկի է դիմում, վտանգելով այն ամենը, ինչ ձեռք էր բերվել վերջին տասնամյակներում:
Վերլուծաբանը նշում է, որ Հայաստանի հետ լարվածության ստեղծումը Թուրքիայի շահերից չի բխում: Փորձագետը կարծում է, որ Անկարան պետք է Երևանի հետ հարաբերությունների հաստատումը դիտարկի որպես կանխարգելիչ միջոց` սեփական սահմաններին կայունությունը պահպանելու համար:
Թուրք վերլուծաբանը նաև նշում է, որ Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:



