


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև կառավարության ղեկավար Արթուր Ռասիզադեի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես սպասվում է, Մեդվեդևն ադրբեջանցի գործընկերոջ հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Մեդվեդևը Բաքու է ժամանել Երևանից, որտեղ բանակցություններ է վարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ռուսաստանի վարչապետը Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում:
ՙԳլխավորը հակամարտության թեժացումը թույլ չտալն է, քանի որ դա կարող է ողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար՚,- ընդգծել է Մեդվեդևը: Նա ակնկալում է, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի, իսկ քաղաքական գործընթացը կվերսկսվի, ՙորպեսզի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, ոչ թե զինվորականները՚: Ռուսաստանի կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ Մոսկվան ՙպատրաստ է շարունակել Մինսկի խմբի կազմում միջնորդական դերը՝ օգտագործելով համապատասխան ընթացակարգերի շրջանակներում իր ազդեցությունը՚:
Լեռնային Ղարաբաղի խնդիրը ՌԴ վարչապետն ապրիլի 7-ին քննարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ՙՉեմ թաքցնի, իհարկե, կառավարական պատվիրակության համաձայնեցված պաշտոնական այցը եղավ շատ դժվար ժամանակահատվածում, բայց մենք ծրագրերը չփոխեցինք: Մենք համարում ենք, որ դա մեր պարտականությունն է՝ որպես Հայաստանի գործընկեր, ստանալ տեղեկատվություն, ինչպես ասում են, առաջին ձեռքից, հասկանալ, թե ինչ է կատարվում և, իհարկե, անել մեզնից կախված ամեն ինչ, որպես գործընկեր, դաշնակից, որպես Մինսկի խմբի մասնակից, որպեսզի իրադարձությունները զարգանան հանգիստ սցենարով: Մենք ելնում ենք նրանից, որ հիմա ամենակարևորը խաղաղություն պահպանելն է, բանակցային սեղանի շուրջ վերադառնալը՝ նույնիսկ անտեսելով այն, որ հիմա այդ բանակցությունների ֆոնը, մեղմ ասած, ամենալավը չէ՚,- ասել է Մեդվեդևը:



