
Լավրովի Բաքվի հայտարարությունները «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևի իրագործմանը ձեռնամուխ լինելու փորձ են: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի և Իրանի իր պաշտոնակիցների հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ղարաբաղյան կարգավորման պայմանագրի բոլոր բաղադրիչները գտնվում են սեղանին:« Հարցը, նույնիսկ, այն չէ, թե ինչպես դասավորել այդ բաղադրիչները, հարցը` ձևակերպումներն են, մենք շատ մոտ ենք կարգավորմանը: Ռուսաստանը մյուս երկրներից ավելի շահագրգռված է հակամարտության լուծման հարցում», - հայտարարել էր դիվանագետը:
«Ռուսական կողմից պարբերաբար հնչեցվել է բանակցային գործընթացի հաջողության բանաձևը` «տարածքներ կարգավիճակի դիմաց», որը ենթադրում է այժմ Ստեփանակերտի վերահսկողության տակ գտնվող տարածքի մոտ երկու երրորդի հանձնում Ադրբեջանին` Բաքվի կողմից Արցախի ինչ-որ կարգավիճակի ճանաչման դիմաց: Դատելով ըստ ամենայնի` կարգավորման վերաբերյալ առաջարկությունների պատրաստի փաթեթի առկայության և հակամարտության վերջնական կարգավորմանը կողմերի շատ մոտ լինելու վերաբերյալ Լավրովի հայտարարությունները ենթադրում են, որ փորձ է արվում ձեռնամուխ լինել վերը նշված բանաձևի իրագործմանը», - հայտարարել է Մելիքյանը:
Վերլուծաբանն ընդգծել է, որ իրեն բնավ չի զարմացնի, եթե ռուսական կողմից առաջարկվող կարգավորման ծրագիրը առանձի տողով ներառի հակամարտության տարածաշրջան կոնկրետ ռուսական խաաղապահ զորակազմ մտցնելու պարտադիր պայման:
Ռուսական դիվանագիտությունը, նրա գնահատմամբ, առանց այդ էլ ջանք է գործադրել Արցախը որպես սուբյեկտ առավելագույնս չեզոքացնելու ուղղությամբ` հակամարտության խաղաղ կարգավորման գործըթնացի համատեքստում: Ռուսական դիվանագիտական պրակտիկայում նման մոտեցման նախաձեռնողն ու հիմնադիրը եղել է ոչ անհայտ Վլադիմիր Կազիմիրովը, իսկ նրա հետևորդները հաջողությամբ շարունակել են այդ գիծը` արդեն մեր օրերում:
«Օրինակ, Ադրբեջանի ապրիլյան քառօրյա պատերազմի արկածախնդրության շրջանում Ռուսաստանի առաջին հեռուստաալիքը նորությունների իր թողարկումներում մշտապես հակամարտությունը ներկայացնում էր որպես պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, դրանով իսկ նենգափոխելով հակամարտության էությունը և դիմակայության կողմերի իրական ձևաչափը: Շատ էր խոսվում այն մասին, որ դիմակայող կողմերը ոչ մի կերպ չեն կարող պայմանավրովել առանց Ռուսաստանի միջնորդության», - նշել է նա:
«Ռուսաստանը, որպես ԵԱՀՄ Մինսկի խմբի անդամ, առանց այդ էլ այս բոլոր տարիներին զբաղվել է միջնորդական գործուենությամբ, որը շոշափելի արդյուքն չի տվել: Եվ ահա այժմ հենց նրա առանձին միջնորդությունը կարող է վճռական ազդեցություն գործել բանակցությունների բարենպաստ ելքի համար: Ինչից կարելի է անել միակ հետևությունը. այս ողջ ընթացքում ՄԽ մյուս անդամները նրան խանգարում էին, և միայն հավաքական խաղաղապահ ջանքերի շրջանակներից դուրս Մոսկվան կարող է թևերը տարածել և հաշտեցնել անխոհեմ կռվարարներին», - ամփոփել է Մելիքյանը: