


Ամենագլխավորը հակամարտության՝ ՙթեժ փուլ՚ անցումը բացառելն է, Երևանում հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծեն դիվանագետները, ոչ թե զինվորականները: ՙԻհարկե, մենք չէինք կարող այսօր չքննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ես քննարկել եմ այն վարչապետի հետ, երեկոյան նախատեսում եմ քննարկել այն երկրի նախագահի հետ: Այս իրավիճակն, անկասկած, լուրջ մտագոհություն է հարուցում մեզ մոտ՚,- հայտարարել է Մեդվեդևը:
Նա հույս է հայտնել, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի. ՙՀուսով ենք, որ կվերականգնվի քաղաքական գործընթացը, որում շատ բան է ներդրվել, որպեսզի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, այլ ոչ թե զինվորականները, որպեսզի չմահանան մարդիկ, և չավերվեն ենթակառուցվածքները՚:
ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ, օգտագործել ռուսական ազդեցությունը համապատասխան ընթացակարգերի շրջանակներում։ ՙԳոյություն ունեցող մեխանիզմն այլընտրանք չունի, դրա լիազորություններն ամրագրված են ՄԱԿ ԱԽ և ԵԱՀԿ որոշումներով։ Ամենակարևորը, որ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, հակամարտության թեժ փուլի անցումը բացառելն է, քանի որ դա կարող է ամենաողբերգական հետևանքներն ունենալ տարածաշրջանի համար՚,- ասել է Մեդվեդևը։



