

Հոսպիտալներում զինծառայողների ընդհանուր թիվը կազմում է 121, որոնցից 5-ի վիճակը չափազանց ծանր է, մյուսները թեթև բեկորային վիրավորում են ստացել: Ապրիլի 7-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի ՊՆ ռազմաբժշկական վարչության ղեկավար Կամավոր Խաչատրյանը:
Նրա ասելով, այդ վիրավորների 90%-ն առաջիկա շաբաթվա ընթացքում կապաքինվեն և դուրս կգրվեն հոսպիտալներից: «Երևանի հոսպիտալում 32 մարդ կա: Ավելին, ցանկանում եմ ընդգծել, որ մեր բուժանձնակազմը հերոսական և անձնվեր աշխատանք է կատարել: Հոսպիտալնեևրում բուժօգնության ընթացքում արձանագրվել է ընդամենը մեկ մահվան դեպք, ինչը խոսում է բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին: Դա տեղի է ունեցել Մարտակերտի հոսպիտալում և միայն այն պատճառով, որ վիրավորն ուներ բազմաթիվ բեկորային վիրավորումներ,վնասված էին բոլոր օրգանները: Աննախադեպ է, երբ բոլոր վիրավորները փրկվել են: Նրանք բոլորը մեկ ժամվա ընթացքում անհրաժեշտ օգնություն են ստացել: Կատարվել են նաև պլաստիկ վիրահատություններ, ինչի շնորհիվ փրկվել են երկու զինծառայողների վերջույթները», - նշել է Խաչատրյանը:
Նա նաև նշել է, որ ռազմական բժիշկները լրջորեն փոխգործակցել են Հայաստանի առողջապահության նախարարության հետ, տրամադրվել են վերակենդանացման մեքենաներ և մասնագետներ` վիրավորներին աջակցելու համար:
«Կարելի է ասել, որ մենք մեր ռեզերվները չենք օգտագործել: Տվյալ պահի դրությամբ ընդամենը 5-6 վիրավոր կա հանրապետական կենտրոններում` զինվորական հոսպիտալի ծաանրաբեռնվածության պատճառով, մյուս բոլոր վիրավորներն օգնույթուն են ստացել մեր մասնագիտացված զինվորական հոսպիտալներում», - նշել է գնդապետը:



