


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Բաքվում նշել է Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը:
«Մենք ձգտել ենք օգնել պայմանավորվածության ձեռք բերմանը, որը, ինչպես ակնկալում ենք, կպահպանվի և կիրագործվի, այդ թվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան 90-ականների համաձայնագրերը, որոնք առնչվում են հրադադարի ռեժիմի գծով պարտավորությանը և անժամկետ բնույթի են», - նշել է նա: Ընդ որում Լավրովը հավելել է, որ դրա համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանում է, իսկ հետո կմեկնի Բաքու, քննարկումներ են եղել նաև ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի հետ:
«Կարծում ենք, որ առկա իրավիճակը մեր բոլորից պահանջում է ավելի ակտիվորեն դիտարկել նախկին պայմանավորվածությունները, մշակել շփման գծում վստահության միջոցներ, որոնք քննարկվել են ԵԱՀՄ ՄԽ միջնորդների և ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ», - ընդգծել է նա:
Լավրովի կարծիքով, վստահության ամրապնդում չի նշանակում, թե հարկավոր է թուլանալ քաղաքական համակողմանի կարգավորման որոնումներում: «ՌԴ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և երկիր, որը լավ հարաբերություններ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի հետ, ամեն ինչ կանի նախաձեռնություններն առաջ տանելու համար այն աշխատանքի հունով, որը վերջին ժամանակներս կատարվել է այդ ուղղությամբ», - ընդգծել է նա:



