ԼՂՀ ՊԲ բոլոր ստորաբաժանումները համալրված են, և տվյալ պահին կամավորականների օգնության կարիք չկա: Այս օրերին բազմաթիվ ջոկատներ, օգտագործելով իրենց ունեցած փորձը, մեկնեցին եւ համալրեցին Պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` կամավորներին հղված ուղերձում:
Նախարարը երախտիքի խոսք է հղել մեր բոլոր մարտական ընկերներին, բոլոր կամավորականներին, ովքեր այս օրերին պատրաստ էին կյանքը տալ հայրենիքի անվտանգության համար: Նա նշել է, որ վտանգի պահին մենք միշտ միասնական ենք եղել: «… Պաշտպանության բանակի հրամանատարությունը դիմել է ինձ, եւ իր երախտիքի խոսքերի հետ միասին ասել, որ այլեւս համալրված են բոլոր ստորաբաժանումները, մնացածը թող իրենց պատրաստակամության արտահայտության հետ միասին զբաղվեն պատրաստությամբ եւ անհրաժեշտության դեպքում կմեկնեն Արցախ», - նշել է նա:
Օհանյանն իր բոլոր մարտական ընկերներին կոչ է արել երբեւիցէ չհուսահատվել ու չընկճվել: «Մեզ անպայման անհրաժեշտ են համարձակ մարտական ընկերներ: Այդ համարձակությունը, զգոնությունը թող միշտ ձեզ հետ լինի, եւ լինելով այստեղ` Հայաստանում, միշտ պատրաստ եղեք, որովհետեւ մեր պայքարը մշտական է, անհրաժեշտության դեպքում մենք ձեզ կտեղեկացնենք, եւ դուք անպայման կմեկնեք մեր Արցախի հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար», - ընդգծել է պաշտպանության նախարարը:
Նա նաև հավելել է, որ հայ ժողովուրդը հպարտության հետ միասին նաեւ ցավ է ապրում մեր կորուստների համար: