Հայկական կողմը ռազմագերիներ չունի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, եթե հայկական կողմն ունենար ռազմագերիներ, ապա կդիմեր Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը: «Ի տարբերություն Բաքվի, ռազմագերիների հարցում մենք համագործակցում ենք միջազգային կառույցների հետ, և եթե որևէ մեկը գերի է ընկնում, մենք դիմում ենք Կարմիր խաչին»,-ընդգծել է նա: Բաբայանը հավելել է նաև, որ հայկական կողմը պատրաստ է վերադարձնել ադրբեջանական զինծառայողների դիակները: Նա նաև հաղորդել է, որ հայկական կողմն արդեն սկսել է դիակների փոխանակման գործընթացը:
Հայկական կողմի տվյալներով, ռազմական բախումների առաջին օրից անհայտ կորած զինծառայողների թիվը կազմոմ է 25 հոգի, սակայն, ըստ Բաբայանի, այդ թիվը փոխվում է, քանի որ առաջանում են նոր հանգամանքներ:
Նշենք, որ ԼՂՀ ՊԲ տվյալներով, ռազմական գործողությունների սկզբից հայկական կողմը կորցրել է 32 զինծառայող: «3 նոր կորուստները նախկինում անհայտ կորած հայտարարված զինծառայողներն են, որոնց թիվն արդեն պակասել է`մինչև 25-ի, իսկ վիրավորների թիվը կազմում է 121»,-նշել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության ղեկավար, գնդապետ Վիտալի Առուստամյանը: