Արցախում մարտական գործողություններն սկսվելու պահից ի վեր հայկական կողմը կորցրել է 32 զինծառայողի: ԼՂՀ օպերատիվ շտաբում մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիտալի Առուստամյանը:
Նա նաեւ նշել է, որ հրադադարի շուրջ պայմանավորվածությունից հետո կրակը շարունակվել է շփման գծի ողջ երկայնքով: «Հյուսիսային ուղղությամբ կիրառվել են ականանետներ, տանկից կրակել են սանիտարական մեքենային: Արեւելյան եւ հարավային ուղղություններով գործարկվել են խոշոր տրամաչափի ականանետներ», - ընդգծել է գնդապետը:
Բացի այդ, նրա ասելով, հյուսիսային ուղղությամբ առանձին խմբավորումներ մի քանի անգամ փորձել են հարձակում գործել եւ դիրքեր գրավել, սական նրանց փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Ընդ որում Առուստամյանը հավելել է, որ ադրբեջանական կողմը ճակատ է բերել ռեզերվ եւ պատրաստվում է նոր գրոհի: «Ռեզերվները գտնվում են առաջնագծից ոչ այնքան հեռու, սակայն դրանց գործունեությունն առայժմ վաղ է գնահատել», - ընդգծել է նա: Գնդապետը նաեւ հավելել է, որ Արցախում մարտական գործողություններն սկսվելու պահից ի վեր հայկական կողմը կորցրել է 32 զինծառայողի: «3 նոր կորուստը ավելի վաղ հայտարարված անհետ կորածներից են, որոնց թիվն այսօր արդեն նվազեց մինչեւ 25, մենք նաեւ ունենք 121 վիրավոր», - ավելացրել է նա:
Առուստամյանը նաեւ մեկնաբանել է հայկական դիրքերի կորստի վերաբերյալ տեղեկւթունները: «Այդ սարը չի կարող ունենալ ռազմավարական նշանակություն, քանի որ գագաթի մակերեսը կազմում է 5քմ, բարձրությունը 20 մ է», - ընդգծել է նա:
Գնդապետը նաեւ մեկնաբանել է Քարվաճառում երկու զինծառայողների զոհվելը, նա չի բացառել, որ դա եղել է միջանձնային հարաբերությունների պարզաբանման արդյունք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Առուստամյանը հաղորդել էր, որ հայկական կողմը կորցրել է 8 դիրք, ընդհանուր առմաբ՝ 500 քմ: