Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը, անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով ապահովումը, ինչպես նաև մասնագիտական ներուժի համակարգված տեղափոխումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Աշխատանքները բոլոր ուղղություններով իրականացվում են միջգերատեսչական համագործակցության շնորհիվ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
ՙՄարտական գործողությունների առաջին իսկ օրվանից բազմաթիվ գործարարներ, դեղարտադրող ընկերություններ ակտիվ մասնակցում են դեղերի արդեն իսկ ունեցած բավարար պաշարների համալրման գործին: Միաժամանակ, Սփյուռքի, մասնավորապես ԱՄՆ-ի բժշկական հասարակությունը ՀՀ առողջապահության նախարարին հայտնել է իր պատրաստակամությունը նյութական և բուժական օգնություն ցուցաբերելու հարցում՚,- հայտնում է առողջապահության նախարարությունը:
Տեղեկացվում է, որ ՀՀ ԱՆ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում շարունակվում է արյունատվության գործընթացը: Շատ քաղաքացիներ, մասնագիտական միավորումներ, հասարակական կազմակերպություններ վիրավոր զինվորներին աջակցելու ցանկությունն արտահայտում են կամավոր դոնորությամբ, չնայած արյան բաղադրամասերի առկա բավարար պաշարներին:
ՙՈղջունելի է նաև մեր շատ բուժաշխատողների ցանկացած պահի Արցախ մեկնելու և մեր զինվորների կողքին լինելու պատրաստակամությունը: Բժշկական հանրությունն այս կերպ իր զորակցությունն է հայտնում հայ զինվորին՚,- ասվում է հայտարարության մեջ: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ից ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի շփման գծում գործողությունները կողմերի համաձայնությամբ դադարեցվել են, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել էր ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Ըստ որում, նա ընդգծել էր, որ դա պայմանավորված է նաև այն բանով, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը վերադարձրել է ավելի վաղ կորցրած բոլոր դիրքերը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նաև նշել է, որ համաձայնության պատճառ է հանդիսացել նաև ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդի հատուկ նիստը: