


Հայաստանի տարածքի գնդակոծություններն ուղղակիորեն առնչվում են իր ռազմավարական դաշնակցի անվտանգության ապահովման Ռուսաստանի պարտավորություններին, գտնում է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը:
ՙԱյսօր առկա են Ղարաբաղի շուրջ լարվածության՝ հայ-ադրբեջանական սահման տեղափոխման բոլոր նշանները: Մասնավորապես, ադրբեջանական զինված ուժերն արդեն գնդակոծել են Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան և Կոթի գյուղերը՚,- նշել է նա: Այս առումով, փորձագետի խոսքով, ժամանակն է, որ Մոսկվան հիշի Երևանի հանդեպ պարտավորությունների մասին:
Նախորդ գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82 մմ ականանետեր: Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում ճնշվել է հակառակորդի ակտիվությունը: Հայաստանի զինված ուժերը, զսպվածություն ցուցաբերելով, շարունակում են վստահորեն վերահսկել սահմանագծում տիրող իրավիճակը:


