Ադրբեջանը հուսահատորեն փորձում է վերականգնել վերահսկողւոթյունը Լեռնային Ղարաբաղի, կամ, ծայրահեղ դեպքում, հարակից յոթ շրջանների նկատմամբ, հաղորդում է International Crisis Group-ը:
Ինչպես գրում է Մագդալենա Գրոնոն իր հոդվածում, որը հրապարկվել է ICG կայքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն վաղուց դիտարկվում է լարվածության օջախ Հարավային Կովկասի հենց սրտում: Ըստ Գրոնոյի, հակամարտությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար, ներառյալ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: «Միջազգային հանրությունն այնքան էլ պատրաստ չէ ծանր պայքարի, որը ծավալվել է Լեռնային Ղարաբաղում ապրիլի 1-ից», - նշել է Մագդալենա Գրոնոն:
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, վերջին տասնամյակում դիտվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սպառազինության էական մրցավազք: «Խրախուսվելով նավթով և գազով` 2004-204թթ. Ադրբեջանը քսան անգամ ավելացրել է ռազմական ծախսերը: Սպառազինությունների մեծ մասը ձեռք է բերվել Ռուսաստանից: Հայաստանը՝ Ռուսաստանի ավանդական դաշնակիցը, փորձում էր հետ չմնալ՝ չնայած Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմաններին: Հայկական ուժերը պահպանում են վերահսկողությունը ռազմավարական նշանակության բարձունքների եւ Լեռնային Ղարաբաղի շրջակայքի նկատմամբ, ինչը հայկական կողմին մեծ առավելություն է տալիս»,- նշել է Գրոնոն:
Նրա ասելով, Ադրբեջանը հուսահատորեն փորձում է վերականգնել Լեռնային Ղարաբաղի կամ, ծայրահեղ դեպքում, հարակից յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը, որոնք նույնպես 1990 թվականից ի վեր հայկական ուժերի վերահսկողության ներքո են: «Ադրբեջանը շատ տուժեց նավթի գների անկումից եւ արժույթի արժեզրկումից, բողոքի ակցիաներ եղան, շարքային քաղաքացիների շրջանում դժգոհությունն աճեց: Կառավարությունը կարող է ժողովրդին «դրոշին աջակցելու» շուրջ համախմբելու կարիք զգալ: Բաքվում նաեւ ավելի ու ավելի քիչ են հավատում, որ դիվանագիտական լուծումներն արդյունք կտան»,- ընդգծում է հեղինակը:
Հոդվածի համաձայն, Հայաստանն ինքը տնտեսական լուրջ ճնշումների է ենթարկվում, հատկապես, հաշվի առնելով տնտեսական անկումը Ռուսաստանում, որը Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն է: Ըստ Գրոնոյի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համար առաջնահերթություն կլինի բռնության դադարեցումը: «Վերջին տարիներին ռիսկերը չեն նվազել, դրանք, փաստորեն, մեծացել են: Անհոգությունը պետք է փոխարինվի ուժեղ քաղաքական կամքով և Լեռնային Ղարաբաղում հետագա սրման կանխարգելման արդյունավետ մեխանիզմներով», - եզրափակել է Մագդալենա Գրոնոն: