Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը հերքում է համացանցում տարածված ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի կողմից ՀՀ ՊՆ գերատեսչության ղեկավարին ուղղված նամակի իրական լինելը:
«Պարզվում է, որ հակառակորդն ապաշնորհ է ոչ միայն մարտադաշտում, այլև քարոզչական ճակատում: Ադրբեջանի ՊՆ «մասնագետները» հավանաբար լսել են, որ գոյություն ունի նաև քարոզչական պատերազմ, սակայն հաշվի չեն առել, որ հատուկ հոգեբանական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ են գոնե նվազագույն գիտելիքներ: Մարտադաշտում ցավագին հարվածներ ստանալով՝ ադրբեջանցիներն ըստ երևույթին որոշել են հաջողության հասնել քարոզչական հարթության վրա: Հերյուրելով մի կիսագրագետ նամակ, որն իբր թե գրվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի կողմից` Ադրբեջանի ՊՆ վայ-քարոզիչները չեն հասկացել, որ հայերեն նամակ գրելու համար նախևառաջ անհրաժեշտ է գոնե բավարար չափով իմանալ հայոց լեզուն: Նամակի ոճն ու գրագիտությունը կամ ավելի ճիշտ անգրագիտությունը մեկնաբանության կարիք չունեն:
Ավելացնենք նաև, որ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երբևէ այդպիսի ստորագրություն չի ունեցել»,- ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում հայտնվել է ՀՀ Պաշտպանության նախարարին ուղղված ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի «նամակը»: Նամակի տեքստում Մնացականյանն իբրև տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրումից հետո մարտական գործողություների շրջանների խաղաղ բնակչությունը թողնում է տները և շարժվում դեպի Երևան: