


Ադրբեջանում վարձկանները սպանում, կողոպտում, բռնաբարում և այրում են իրենց սահմանամերձ գյուղերի բնակիչների տները՝ ամեն ինչ հայերի վրա բարդելու նպատակով, ԱրմԻնֆո-ին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, հայկական կողմի տվյալների համաձայն, Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են բազմաթիվ վարձկաններ: ՙԹեև փաստերը ճշտվում են, սակայն, հիմքեր կան հավաստելու, որ ադրբեջանական կողմից մարտական գործողություններին մասնակցում են թուրքական ՙԳորշ գայլեր՚ կազմակերպության վարձկաններ և ՙԻսլամական պետության՚ գրահայիններ՚,-հայտնել է Բաբայանը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է Թալիշ գյուղում տեղի ունեցած բարբարոսության մասին: ՙԴիվերսիոն խումբը ներթափանցել է Թալիշ գյուղ, և այնտեղ գազանաբար սպանվել էին երեք տարեց մարդիկ: Նման սպանությունը բնորոշ է վարձկան բարբարոսներին՚,- նշել է նա:
Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ ԼՂՀ-ին սահմանակից ադրբեջանական բնակավայրերից մարդկանց զանգվածային փախուստ է սկսվել: ՙԽուճապի մատնված՝ մարդիկ լքում են իրենց բնակավայրերը, իսկ վարձկաններն այրում, կողոպտում են տները՝ ամեն բան հայկական կողմի վրա բարդելու նպատակով՚,- հայտարարել է Բաբայանը: Նրա խոսքով, եղել են նաև սպանության, բռնաբարության դեպքեր: Դրա հետ կապված՝ վարձկանների և տեղի բնակչության հարաբերությունները խիստ լարված են: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, հայկական կողմը փաստորեն գործ ունի ահաբեկչական, սադիստական պետության հետ, որը նույնիսկ սեփական ժողովրդի շահերի մասին չի մտածում:



