


Ամենայն հավանականությամբ, ղարաբաղյան հակամարտության շփման գծում լարվածությունը կսկսի թուլանալ արդեն այս շաբաթ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
ՙԱյս պարագայում պետք է գիտակցենք, որ արդեն մոտ ժամանակաշրջանում ստիպված կլինենք գործել միանգամայն նոր ռազմաքաղաքական իրավիճակում: Այս առնչությամբ կարիք կա լուրջ վերանայման, մասնավորապես ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ Հայաստանի պաշտոնական հայեցակարգի դրույթների և մոտեցումների՚,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Ըստ նրա, Մոսկվան քաղաքական և դիվանագիտական մակարդակներով կփորձի միջամտել տեղի ունեցող գործընթացներին: Սակայն, Ռուսաստանի ռազմական միջամտությունը հնարավոր կլինի բացառապես Հայաստանի ներկայիս սահմանների վտանգի դեպքում:
Շատ բան, վերլուծաբանի կարծիքով, կախված կլինի Կրեմլին հուզող գլխավոր հարցին Իլհամ Ալիևի պատասխանից: Եվ այդ պատասխանի բովանդակությունն անուղղակիորեն պարզ կդառնա Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Բաքվում առաջիկա հանդիպման արդյունքների ամփոփումից հետո: Եթե, իհարկե, այն կայանա: -



