


Նախօրեին Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանին:
Ինչպես հաղորդվում է ԱՊԿ պաշտոնակն կայքում, Ալմարգոն, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում են: Բացի այդ, դրանք հակասում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցություններ վարելու բարի կամքի սկզբունքին: «Մենք դատապարտում ենք միջազգային իրավունքի սկզբունքների լուրջ խախտումը», - ընդգծվում է հայտարարությունում:
Նաև բացասական գնահատական է տրվել այն բանին, որ թիրախ է դարձել քաղաքացիական հատվածը, ինչը հակասում է զինված հակամարտության կարգավորման սկզբնունքներին: «Անընդունելի է բռնության ամեն մի ակտ, որը նպատակաուղղված է տարածքային վեճի կարգավորմանը: Դա արդեն վայրագություն է, երբ բռնության նման ակտերի արդյունքում քաղաքացիական անձինքն են զոհվում: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում վերսկսել հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով», - նշել է Ալմարգոն:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները հիմնված են 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Դրանք են. ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշումը: «Մենք պահանջում ենք լիովին պահպանել այդ սկզբունքները», - ամփոփել է ԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակը գրոհել է ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերը հարավային, հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով` կիրառելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Հրետակոծվում են մի շարք բնակավայրեր և զորամասերի մշտական տեղակայման վայրեր, ինչը հանգեցրել է կորուստների: Իրավիճակը մնում է ծայրահեղ ծանր, մարտերը շարունակվում են:



