
Հայկական կողմին չի բավարարում ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ոչ միայն խստորեն դատապարտի Բաքվին՝որպես ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմական գործողությունների նախաձեռնողի, այլ նաև նրա հանդեպ կիրառի պատժամիջոցներ:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում, երբ լարվածությունը հակամարտության գոտում հասել է գագաթնակետին, միջազգային կառույցների անհասցե հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում իրավիճակի կարգավորմանը, այլ ադրբաջանական ագրեսիան ավելի են խրախուսում անպատասխանատու և սադրիչ գործողությունների: «Անպատժելիության զգացումը, ինչն Ադրբեջանի մոտ առաջացել է միջազգային կառույցների ոչ համարժեք արձագանքների արդյունքում, ալիևյան ռեժիմին ավելի մեծ էյֆորիայի մեջ է գցում, դրդելով նրան ագրեսիայի ուժգնացմանը և ռազմական գործողությունների»,-հայտարարել է փոխխոսնակը, ընդգծելով, որ Բաքվի կողմից ռազմական գործողությունների սկսումը հանդիսանում է Ադրբեջանի ռազմական սպառնալիքների և զանազան սադրանքների նկատմամբ միջազգային հանրության եկարատև լռության արդյունքը:
Ըստ Շարմազանովի, եթե միջազգային հանրությունը ժամանակին համարժեք գնահատականներ տար Բաքվի գործողություններին ու հայտարարություններին, այլ ոչ թե հանդես գար զանազան անհասցե հայտարարություններով, ապա իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում այսօր այդքան չէր լարվի: «Ինձ շատ հետաքրքիր է, թե երբ միջազգաին հանրությունը, վերջիվերջո, կսթափվի և համարժեք կարձագանքի իրավիճակին, դադարելով հավասարության նշաններ դնել ագրեսորի և պրոբլեմի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակցի միջև, չէ որ ապացույցներն առկա են, որ հենց Բաքուն է սկսել հարձակումը, որ սպանվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև երեխա, իսկ Ռուսաստանում ԱՀ դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին բացեիբաց ընդունեց, որ Ադրբեջանը նախաձեռնել է ռազմական գործողությունները տարածքները վերականգնելու նպատակով, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ալիևյան ռեժիմը չի հասնի իր նպատակին: Ի վերջո, միջազգային հանրությունը պե՞տք է դասեր քաղի պատմությունից: Ժամանակին աշխարհն աչքերը փակեց Հիտլերի գործողությունների առջև, մինչև որ այն չարիք չդարձավ ողջ մարդկության համար, իսկ իրավիճակը սպառնում է կրկնվել նաև Ալիևի պարագայում»,-զգուշացրել է փոխխոսնակը:
Նա հաղորդել է, որ այսօր խորհրդարանում տեղի ունեցած արտակարգ խորհրդակցության ընթացքում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները նույնպես իրենց դժգոհությունն արտահայտեցին միջազգային հանրության արձագանքի կապակցությամբ: «Այդ պատճառով էլ մշակվել է միջազգային կառույցների և պատվիրակությունների հետ աշխատանքի պլան, բայց մանրամասներն առայժմ չեմ բացի: Կարող եմ միայն նշել, որ որոշվել է բարձրացնել մեր խորհրդարանական միջազգային ակտիվությունը»,-նշել է Շարմազանովը, միաժամանակ իր երախտապարտությունը հայտնելով բոլոր քաղաքական ուժերին, անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից: «Ստեղծված իրավիճակում քաղաքական բոլոր ուժերը մի կողմ դրեցին իրենց նեղ կուսակցական շահերը և ցույց տվեցին, որ մեր բոլորի համար Հայրենիքի և Արցախի շահերը վեր են ամեն ինչից: Եվ այդ փաստը սթափեցնող լրացուցիչ գործոն թող դառնա հակառակորդի համար»,-հայտարարել է նա: Շարմազանովն ընդգհծել է նաև, որ, անկախ միջազգային արձագանքից, հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը կարելի է կայունացնել, բացառությամբ հույսը դնելով սեփական ուժերի վրա: «Հայկական ԶՈւ բարձր մարտական ոգին և պրոֆեսիոնալիզմը կսթափեցնի հակառակորդին և կկայունացի իրավիճակը»,-խոստացել է փոխխասնակը: