ԼՂՀ Պաշտպանության բանակը հերքում է Բաքվի կողմից ռազմական գործողությունները միակողմանիորեն դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տեղեկատվությունը: «Վերը նշված փաստերը, ինչպես նաև հայտարարություններում կիրառված՝ «հակահարձակման գործողություններ» և «ազատագրված տարածքների ամրապնդում» ձևակերպումները ցույց են տալիս այդ տեղեկատվության սուտ լինելը, որը նպատակ է հետապնդում ստեղծել կրակի դադարեցման իմիտացիա: ԼՂՀ ՊՆ պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման առաջարկները, նախկինում զբաղեցրած տարածքների վերականգնման համատեքստում»,-ասված է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԼՂՀ ՊԲ հիշեցնում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Նշենք նաև, որ ապրիլի 3-ի առավոտյան ժամը 06:00-ից Ադրբեջանը շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփմամ գծի հարավային ուղղությամբ՝հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի օգտագործմամբ: Իրավիճակը ծայր աստիճան ծանր է, մարտերը շարունակվում են: