


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը դատապարտել է ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: Տարածված հայտարարության մեջ կոնգրեսականն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 18 զոհ, այդ թվում` մեկ երեխա:
<Այն, որ հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերադարձից մի քանի ժամ անց, որտեղ նա հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բյադենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ, ցույց է տալիս, որ ԱՄՆ քաղաքականությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չեն գործում>,- նշվում է կոնգրեսականի հայտարարության մեջ: Շիֆը նշում, է, որ քանի դեռ Ադրբեջանը լուրջ հետևանքների չի բախվում լարվածությունը սրելու և բռնություն գործադրելու իր քաղաքականության համար և նպատակաուղղված մերժում է շփման գծում միջազգային մոնիտորինգի անցկացումը, հակամարտության լուծման և հետագա արյունահեղության կանխման հավանականությունը շատ փոքր է:
<Այդ քաղաքականության զոհ է դառնում Արցախի ժողովուրդը, որը պարզապես ցանկանում է ապրել առանց կրակոցների ու իրացնել ինքնորոշման իր իրավունքը>,- նշում է Շիֆը: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչը հանգեցրել է զոհերի: Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: Իրավիճակը մնում է չափազանց ծանր, մարտերը շարունակվում են:



