


Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ժամանակ ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում պարզաբանվել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված ԼՂՀ ՊԲ գործողությունների բովանդակությունը: Քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր պատճառները և դրանից վերջինիս սպասելիքները: Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է ներկաների հարցերին:



