


Ամերիկայի հայկական համագումարը վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները և կրկին կոչ անում Ադրբեջանի նկատմամբ կիրառել ԱՄՆ Կոնգրեսի 907 բանաձևը, որն արգելում է Ադրբեջանին օգնության ցուցաբերումը, քանի դեռ վերջինս չի դադարեցրել հարձակողական գործողությունները: <Խորապես սգում ենք մարդկային կորուստների համար:
Համագումարը միասնական է ողջ հայության հետ արտաքին սպառնալիքներից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատությունն ու անվտանգությունը պաշտպանելու հարցում: Ըստ որում, Համագումարը հիշեցնում է ղարաբաղյան հակամարտության կայուն և երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ աշխատելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոստման մաիսն:
<Մենք կոչ ենք անում Օբամայի վարչակազմին վճռական միջոցներ ձեռնարկել և պատասխանատվության ենթարկել ագրեսորին>,- ասված է հայտարարության մեջ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչը հանգեցրել է զոհերի: Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: Իրավիճակը մնում է չափազանց ծանր, մարտերը շարունակվում են:



