


Ադրբեջանի իշխանությունները «մսաղացի բերան» են հանել սեփական ժողովրդին, գրել է փորձագետ Տիգրան Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում: Նա կարծում է, որ այս պահին Ադրբեջանի համար առաջնայինն իր հանրությանը «հաղթանակներով» կերակրելն է, եւ Ադրբեջանն ամեն գնով թեկուզ 1 քառակուսի տարածք գրավելու խնդիր ունի, կարևոր չէ` դա կլինի մարտական դիրքի, թե չեզոք տարածքի հաշվին: «Այդ նպատակով «մսաղացի բերան» է հանել իր ողջ մարդկային ուժը: Մարտական գործողությունների այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը դեռ չի նահանջել, տվյալ հատվածը վերածվում(ել) է ադրբեջանական գերեզմանոցի: Դա է պատճառը, որ ադրբեջանական կորուստների թիվը հարյուրների է հասնում», - գրել է փորձագետը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչը հանգեցրել է զոհերի: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: Հայկական ՀՕՊ ուժերը խոցել են ադրբեջանական 2 ռազմական ուղղաթիռ, 3 անօդաչու սարք, 5 տանկ: Հակառակորդը կենդանի ուժի լուրջ կորուստներ ունի, հայկաական կողմի տվյալներով՝ 200-ից ավելի: Հայկական կողմն ունի 18 զոհ, 35 վիրավոր: Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: Իրավիճակը մնում է չափազանց ծանր, մարտերը շարունակվում են:



