


Պաշտոնական Ստեփանակերտը հերքել է հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ կրակի միակողմանի դադարեցման, մարտական գործողությունների դադարեցման եւ հրադադարի ռեժիմին վերադառնալու շուրջ համաձայնության ձեռք բերման վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է ռուսական կողմի կոչը եւ դա ներկայացնում որպես միջնորդական գործունեություն: «Ոչ մի համաձայնություն չկա, ադրբեջանական կողմը շարունակում է շփման գծի հրթիռակոծությունը, հետեւաբար, սա այնտեղ կառավարող ռեժիմի եւս մեկ ծուղակ է, որը չի համապատասխանում Բաքվի իրական գործողություներին», - ընդգծել է Բաբայանը:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության այդ հայտարարությունները տեղեկատվական ծուղակ են եւ բնավ չեն նշանակում միակողմանի հրադադար:
Ապրիլի 3-ին Ադրբեջանի ՊՆ տեղեկատվություն է տարածել, որի համաձայն, ՌԴ նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ հրադադարի ռեժիմի վերականգման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:


