


Ղարաբաղյան մեծ պատերազմը կարող է իրականություն դառնալ, կարծում է Հարավային Կովկասի գծով բրիտանացի մասնագետ Թոմաս դե Վաալը: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունները ծավալվում են Մերձավոր արեւելքի հակամարտության զարգացման նոր շրջադարձի ֆոնին, այժմ՝ արդեն Ռուսսատանի ռազմական մասնակցությամբ: Ու թեեւ այդ ֆոնին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություների կտրուկ սրումը վերջին ժամանակներս մնում էր ստվերում, նույնիսկ այսօր լայնածավալ պատերազմի մասին խոսելը վաղաժամ է», - հայտարարել է փորձագետը Deutsche Welle-ին:
Նշելով, որ հակամարտության հայկական կողմերին միանգաման ձեռնտու է ստատուս-քվոն՝ դե Վաալն ընդգծում է, որ Բաքվի համար պատերազմը չափազանց մեծ ռիսկ է, որը կարող է սպառնալ ներկայիս իշխանություններին՝ Ադրբեջանի ինտենսիվ տնտեսական աճի «ոսկե դարաշրջանի» ավարտի ֆոնին: «Նավթի արժեքի անկման եւ Ադրբեջանում դրա արդյունահանման նվազման ֆոնին այդ երկիրը թեւակոխում է միանգամայն նոր փուլ, եւ այդ ֆոնին, անշուշտ, չափազանց մեծ է ղարաբաղկան խաղաթղթի խաղարկման գայթակղությունը: Դա միակ գործոնն է, որը կարող է ադրբեջանցիներին համախմբել Ալիեւի դրոշի ներքո», - նշում է փորձագետը:
Որպես Ղարաբաղի շուրջ լայնածավալ մարտական գործողությունների օգտին երկրորդ գործոն դե Վաալը նշել է մի կողմից ԱՄՆ եւ Արեւմուտքի, մյուս կողմից Ռուսատանի միջեւ անվստահության բարձր մակարդակը: Այդ ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակները, նրա գնահատմամբ, առերեւույթ մնում են նույնը՝ հաշտության հասնել Ղարաբաղում: Սակայն, փաստորեն, նրանց մնացել է միայն նվազագույն խնդիրը՝ պահպանել առկա իրադրությունը: «Եվ, վերջապես, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պատրաստ չեն փոխզիջման, որն անհրաժեշտ է հաշտության հասնելու համար, երկու երկրների հասարակություններն՝ առավել եւս: Ուստի դանդաղընթաց պատերազմի ծավալման վտանգն էական է», - ամփոփել է բրիտանացի փորձագետը:


