
Արմինֆո. Գործարար Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ընկերությունում իրեն մեղսագրվող չարաշահումների մեջ՝ անգամ 64 դրամի չափով։ Այդ մասին նոյեմբերի 28-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արամ Վարդեւանյանը:
"Սամվել Կարապետյանը առնչություն չունի չարաշահումների հետ, նրան չի կարելի մեղադրել անգամ 64 դրամ չարաշահելու մեջ, կամ՝ թեկուզ 50 դրամ։ Չի կարելի նման բան անել, իրավապահներն էլ պետք է ինչ-որ կարմիր գծեր ունենան։ Դա ուղղակի աբսուրդ է", - ասել է Վարդևանյանը։
Նա հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր է անազատության մեջ է ՝ առանց դրա համար որևէ իրավական հիմքի: Վարդևանյանը նշել է, որ Կարապետյանի վերաբերյալ գործը բաղկացած է երկու մասից. մեկը վերաբերում է "մեր ձեւով կպաշտպանենք Հայոց եկեղեցին» հայտարարությանը, որին հաջորդել էր կալանք առանց որևէ իրավական հիմքի՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը, որն այդ օրը փոխարինվեց տնային կալանքով: Իսկ երկրորդ դրվագը, ըստ ընդդիմադիրի, դա Կարապետյանի ձերբակալությունն է նրա այն հայտարարությունից հետո, որ իրենք գործարքի չեն գնա Հայաստանի իշխանությունների հետ՝ սահմանադրական փոփոխությունների հարցով։ Նա անհեթեթություն է անվանել այն, որ տնային կալանքի տակ գտնվող անձին ներկայիս իրավիճակում տեղափոխում են կալանքի:
"Ուզում եմ ուշադրություն հրավիրել շատ ուշագրավ մի կետի, կարող եք դա անվանել աղմկահարույց բացահայտում. Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում խոստովանում է, որ գործը, որով ավելի վաղ կալանավորվել էր Կարապետյանը, հարուցվել էր դեռևս այս տարվա հունվարին։ Այսինքն, նրանք հունվարից ոչինչ չեն արել և սպասել են 10 ամիս", - նկատել է նա, հավելելով, որ այն, ինչ տեղի է ունենում, ժողովրդավարության ճգնաժամի օրինակ է՝ իր դասական իմաստով։
Նա անդրադարձել է նաև ՀՀ իշխանությունների այն պնդումներին, թե Սամվել Կարապետյանի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունը հարստացել է սպառողների հաշվին, և այդ պնդումներն անհեթեթ է որակել: Նա հիշեցրել է, որ 2015 թվին, երբ Կարապետյանը ձեռք բերեց ընկերությունը, այն սնանկացման շեմին էր, և եթե Կարապետյանը չհամաձայներ ստաանձնել դրա կառավարումը, Հայաստանում կլիներ "բլեք աութ"՝ երկիրն ամբողջությամբ կհոսանքազրկվեր: Ավելին, նա նշել է, որ սպառողների համար էլ կբարձրանային էլեկտրաէներգիայի սակագները, քանի որ ՀԷՑ-ն այլ ելք չէր ունենա՝ ընկերության ֆինանսական վիճակի պատճառով:
"Սամվել Կարապետյանը ոչ միայն իր վրա է վերցրել սնանկության շեմին կանգնած այդ ընկերության կառավարումը, այլև չի բարձրացրել սակագները բնակչության համար և, բացի այդ, 700 մլն դոլարի ներդրում է կատարել", - ընդգծել է ընդդիմադիրը:
Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Կարապետյանի ջանքերի, կատարած ներդրումների շնորհիվ ՀԷՑ-ը բարձր վարկանիշ ուներ միջազգային վարկանիշային գործակալություններում, նույնիսկ՝ ավելի բարձր, քան Հայաստանի հանրապետությունը, իսկ ընկերության նկատմամբ իշխանությունների գործողությունները վտանգում են Հայաստանի ներդրումային ներուժը: Նա նաև քմծիծաղով պատմել է, որ 100 քննիչ է ներգրավված Սամվել Կարապետյանի գործում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը հաղորդել էր, որ վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում: Ավելի ուշ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հաղորդել էր, որ խուզարկություններ են կատարվում միաժամանակ 65 հասցեներում։ Խուզարկություններից հետո ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին Սամվել Կարապետյանին: Հետո Քննչական կոմիտեից հաղորդել էին, որ Սամվել Կարապետյանը մեղադրվում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի կարիքների համար ներգրավված վարկային միջոցները հափշտակելու մեջ: Նրա հետ ձերբակալվել էր ևս 35 մարդ ։ Նոյեմբերի 5-ին դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի տնային կալանքը փոխարինվեց 1 ամիս ժամկետով կալանքով:
Հատկանշական է, որ կալանավորումը հաջորդել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե նոր սահմանադրության ընդունմանը խորհրդարանական ընդդիմության հակազդելու դեպքում իշխող մեծամասնությունը կսկսի հասարակական ճնշումներ ձևավորել: Բացի այդ, նա նշել էր, որ "իշխանությունները կարող են խորհրդարանական ընդդիմության համար այնպիսի առաջարկ ձևակերպել նոր սահմանադրության վերաբերյալ, որից նա չի կարող հրաժարվել":