


Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ օրակարգի թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ նաև այն ընտրության հարցը, որը պետք է կատարի հայկական կողմը հօգուտ ԵՄ-ի կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ): Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա խոստովանել է, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը բավականին լայն է՝ չնայած առկա խնդիրներին։
"Հիմնականում, իհարկե, օրակարգում կլինի այն ընտրության հարցը, որն անում է հայկական կողմը, թե՝ արդյոք այն կարվի, երբ այն կարվի, ինչպես", - հաղորդել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ տնտեսական առումով "երկու աթոռի վրա նստելու" Երևանի այդ ցանկությունը ինչ-որ պահի կամ պետք է հաստատվի, կամ պետք է հերքվի: "Որովհետև կողմնորոշումը դեպի Եվրոպական միություն և միաժամանակ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացը շարունակելու ցանկությունը փոխկապակցված չեն միմյանց հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Եվ, իհարկե, հայկական կողմը պետք է ընտրություն կատարի", - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը։
"Բացի այդ, կան անվտանգության հարցեր։ Անշուշտ, շոշափվելու է մեր ռազմակայանի հարցը։ Այս ռազմակայանը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է։ Այստեղ, իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը", - եզրափակել է Պեսկովը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր դեկտեմբերի 3-ին Մոսկվա կատարելիք այցի և Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների անցկացման մասին:


