


ԱրմԻնֆո. Միջազգային և տարածաշրջանային 46 իրավապաշտպան կազմակերպություններից կազմված կոալիցիան, այդ թվում՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT) և Freedom Now-ն, ԵԱՀԿ մասնակից պետություններին կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ 2027 թվականին կազմակերպության նախագահությունը ստանձնելու հայտը, հայտնել է Արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան (EAFJD)։
Նշվում է, որ համատեղ հայտարարության մեջ կազմակերպություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող բռնաճնշումների, իրավապաշտպանների և քաղաքական ընդդիմախոսների բանտարկության, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունները չկատարելու կապակցությամբ։
Հայտարարությունը ստորագրածները նախազգուշացրել են, որ Ադրբեջանը անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտներում վստահելի գործընկեր չէ և պիտանի չէ կազմակերպության նախագահությունը ստանձնելու համար։
"Միացյալ Թագավորությունը, որը 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի 35 նախնական ստորագրողներից մեկն է և ԵԱՀԿ-ի նախորդի՝ ԵԱՀԽ-ի հիմնադիր մասնակիցը, այն պետությունների թվում է, որոնք մասնակցում են կազմակերպության ապագա ղեկավարության որոշմանը։
Կազմակերպությունները կոչ են արել ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, արգելափակել Ադրբեջանի՝ առաջարկված նախագահությունը՝ նախազգուշացնելով, որ նրա նշանակումը կխաթարի անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանն իր նվիրված կազմակերպության նկատմամբ վստահությունը",- հայտնում է Մեծ Բրիտանիայի Հայ ազգային կոմիտեն։


