


ԱրմԻնֆո. Ղրղզստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աստանա) Արմեն Ղևոնդյանը աշխատանքային այցով գտնվելով Բիշքեկում՝ մի շարք հանդիպումներ է անցկացրել, որոնք ուղղված էին Հայաստան-Ղրղզստան միջպետական փոխգործակցության օրակարգի առաջմղմանը։
Ինչպես հայտնում է Ղազախստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության և երիտասարդության քաղաքականության առաջին փոխնախարար Չինգիզ Էսենգուլ ուուլուի հետ հանդիպմանը քննարկվել են մշակութային-հումանիտար ոլորտում փոխադարձ փոխանակումների ընդլայնմանը, համատեղ միջոցառումներին և երկու երկրների մշակույթի օրերին վերաբերող հարցեր, որոնց անցկացումը նախատեսված է Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության 2027-2029 թվականների ճանապարհային քարտեզով։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակութային հաստատությունների միջև կապերի ամրապնդմանը և թանգարանային ոլորտում համագործակցությանը։ Քննարկվել է նաև Արամ Խաչատրյանի ծննդյան 125-ամյակին և Չինգիզ Այթմատովի ծննդյան 100-ամյակին նվիրված խաչաձև միջոցառումների կազմակերպման հարցը։
Ղրղզստանի բնական ռեսուրսների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարարի տեղակալ Ալմազ Մուսաևի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Սևան և Իսիկ-Կուլ լճերի պահպանության նպատակով համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացման հարցերը, որը ստորագրվել էր Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ 2026 թվականի հոկտեմբերի 16-17-ը Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Հանդիպման ընթացքում քննարկված առանցքային թեմաներից մեկը 2027 թվականի հոկտեմբերին Ղրղզստանում անցկացվելիք «Բիշքեկ+25» Երկրորդ գլոբալ լեռնային գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքն էր։


