
ԱրմԻնֆո. Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) Մելբուռնի մասնաճյուղի ներկայացուցիչների և Ավստրալիայի այլ հայկական համայնքային կազմակերպությունների հետ հանդիպումից հետո պատգամավոր Ջոն Մուլահին հայտարարել է, որ որպես երաշխավոր աջակցում է Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, որը 2023 թվականի սեպտեմբերից պահվում է ադրբեջանական գերության մեջ։
ANC-AU-ում ընդգծել են, որ պատանդներին աջակցելու իրենց նախաձեռնությունն ուղղված է ամբողջ Ավստրալիայի խորհրդարանականների մոբիլիզացմանը՝ Արցախի հայ պատանդների անհապաղ ազատ արձակման օգտին հանդես գալու, Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու և Ադրբեջանի կառավարությունից նրանց կալանքի պայմանների, վերաբերմունքի և բարեկեցության վերաբերյալ ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն պահանջելու համար։
Իր աջակցությունը նախաձեռնությանը հայտնելու շրջանակում Գլեն Ուեյվերլի շրջանը ներկայացնող գործող պատգամավոր, որը 2026 թվականին Վիկտորիա նահանգի օրենսդիր ժողովի ընտրություններում առաջադրվել է վերընտրվելու համար, Մուլահին անցյալ շաբաթ պաշտոնական նամակով Ավստրալիայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին տեղեկացրել է հայ պատանդներին իր աջակցության մասին։
Իր նամակում Մուլահին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Իշխանյանին և պահանջել է ամսական գրավոր հաշվետվություններ նրա ֆիզիկական և հոգեկան վիճակի, կալանքի պայմանների, բժշկական օգնության հասանելիության, ինչպես նաև իր փաստաբանների և ընտանիքի հետ շփվելու հնարավորության վերաբերյալ։
Հայ պատանդների կալանքի և դատավարությունների գործընթացներում թափանցիկության բացակայության վերաբերյալ պահպանվող մտահոգությունների ֆոնին Մուլահին նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անկախ միջազգային դիտորդներին հասանելիություն տրամադրել Իշխանյանին և մյուս հայ կալանավորվածներին՝ նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը գնահատելու համար։
Մուլահին դարձել է ավստրալացի ութերորդ պատգամավորը, որը միացել է ANC-AU-ի՝ պաշտպանության կարիք ունեցող անձանց աջակցելու նախաձեռնությանը՝ միանալով Քիմ Ուելսին, Մեթ Քրոսին, Թիմ Ջեյմսին, Հյու ՄակԴերմոթին, Ժակլին Մանրոյին, Սյուզան Քարթերին և Ջորդան Լեյնին։
Նշենք, որ մինչ այժմ հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվողների թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 նախկին և գործող ներկայացուցիչներ։ Նրանք են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Բաքվի խամաճիկային դատարանը փետրվարին շինծու մեղադրանքներով Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մյուս արցախցիներին այսպես կոչված դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։